National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.03.2018
Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում, մարտի 25-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ:

Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առնչությունների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ-բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար: Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդումը, ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, մեծ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Արա Բաբլոյանը, փաստելով, որ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի միջեւ արդեն ձեւավորված է փոխըմբռնման եւ համագործակցության բարի ավանդույթ, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման տեսանկյունից:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ: Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»:

Խոսելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը:

«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար եւ հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի եւ՛ միջպետական հարաբերությունների զարգացմանը, եւ՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»:

Ցվետա Կարայանչեւան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիայի Հանրապետություն:

Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am